«Ես- կոնցեպցիան» և նրա առանձնահատկությունները

Երեք ամիս լինելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, անցնելով եռամսյա պրակտիկան և հոգեբանական աշխատանքներ իրականացնելով դպրոցներում` աշխատեցի տարբեր երեխաների հետ: Աշխատանքի ընթացքում հանդիպել եմ երեխաների մոտ առկա տարատեսակ խնդիրների, որոնցից կցանկանամ առանձնացնել Ես-կոնցեպցիային վերաբերող խնդիրները, որոնք ինձ առավել շատ են հանդիպել: Հիմնականում խնդիրը հանդիպել է կրտսեր դպրոցականների մոտ:

Որպեսզի կարողանամ առավել պարզ և հասկանալի կերպով ներկայացնել, թե ինչ է իրենից ներկայացնում Ես-կոնցեպցիան և որոնք են նրա առանձնահատկությունները, թերևս սկսեմ հայտնի հոգեբան, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդի տեսության որոշակի հիմնադրույթների ներկայացմամբ: Զ. Ֆրոյդն իր հոգեվերլուծություն տեսության մեջ առաջ է քաշել մի շարք հիմնադրույթներ, որոնցից ուզում եմ առանձնացնել հետևյալը. «Մարդու Ես-ը կազմված է երեք մակարդակներից՝ Id՝ Այն- որտեղ տեղակայված են մեր չգիտակցված մղումները, ցանկությունները, այդ թվում նաև մեր երազները, Ego՝ Ես- այն մեր իրական Ես-ն է կյանքի տարբեր իրավիճակներում, Super Ego՝Գեր Ես- մեր սոցիալական Ես-ն է, որը մենք ցուցադրում ենք մեր շրջապատում և որը իրական չէ»:

Նախ նշեմ, որ գոյություն ունեն անհատ, անձ, անհատականություն հասկացությունները, որոնք մեզանից յուրաքանչյուրի մոտ առկա են: Մեզանից յուրաքանչյուրը լույս աշխարհ է գալիս որպես անհատ, կյանքի ընթացքում ի հայտ են գալիս անձնային հատկանիշներ՝ բնավորություն, իսկ անհատականություն դառնում ենք շնորհիվ անձնային հատկանիշների: Մեր Ես-ը միշտ մեզ հետ է անկախ նրանից մենք ունենք արտահայտված կամ թաքնված Ես-կոցեպցիա:

Տարիքային հոգեբանության վառ կետերից մեկը «3 տարեկանի տարիքային ճգնաժամն է», որը մշտապես գտնվում է հոգեբանների և նախադպրոցական հաստատությունների մանկավարժների ուշադրության կենտրոնում: Կա մի շատ կարևոր հանգամանք՝ որքան բարդ և չհաղթահարված խնդիրներով լի է լինում որևէ տարիքային ճգնաժամը, կրկանակի և եռակի անգամ բարդ է ընթանում դրան հաջորդող տարիքային ճգնաժամը և նախորդում չլուծված խնդիրները միանում են այս տարիքում հանդես եկող խնդիրներին և գործն ավելի է դժվարանում: Երեք տարեկանի ճգնաժամն առաջանում է այն պարզ պատճառով, որ երեխան անընդհատ ասում է.

«Ես կարող եմ, Ես ինքս, Ես եմ ուզում» և նմանատիպ շատ և շատ Ես-եր, իսկ շրջապատողները արգելում են:

Եթե նկատել եք բոլոր բալիկները մինչև երեք տարեկանը Ես-ի փոխարեն տալիս են իրենց անունը, ասելով օրինակ. «Արմենը ուզում է, Արմենը կարող է»: Բայց երեք տարեկանը լրանալուն պես, կարծես մի հրաշք է տեղի ունենում, և սկսվում է արտահայտվել ամենազորեղ և ամենակարող Ես- կոնցեպցիան, և հենց այստեղ է, որ հարկավոր է նախադպրոցական հաստատության մասնագետների, ծնողների և մեծահասակների համալիր կերպով, ճիշտ ուղղությամբ տարվող դաստիարակությունն ու աշխատանքները՝ ուղղված երեխայի Ես-ի զարգացմանը, ազատ ընտրությանն ու հետագա հնարավոր բարդություններից խուսափելուն:

Ցավով պետք է նշեմ որ մեր իրականության մեջ տարածված է ծնողների ոչ ճիշտ մոտեցումը երեխայի Ես-ի դրսևորումներին, Ես-ին ճնշելը ու դրա զարգացմանը խանգարելը: Այս տեսակ քայլերի արդյունքում մենք ունենում ենք բարդույթներով հարուստ, ճնշված Ես ունեցող անհատ և ոչ անձնավորություն, քանզի լիարժեք Ես չունեցող անհատը լիարժեք անձնավորություն համարվել չի կարող, էլ ու մնաց անհատականություն: Այս տեսակ խնդիրներից և բարդություններից խուսափելու համար առաջարկում եմ հետևյալ խորհուրդները.

  1. Խրախուսեք երեխայի արարքները, ասելով «Դու կարող ես, քեզ մոտ կստացվի»:
  2. Տվեք նրան փոքրիկ հանձնարարություններ (իր ուժերի սահմանում և իր տարիքին համապատասխան), որի կատարման արդյունքում նա գովասանքի կարժանանա:
  3. Թույլ տվեք, որ նա ինքը հավաքի իր թափթփած խաղալիքները, հագուստը, կոշիկը:
  4. Թույլ տվեք, որ նա ինքը հոգա իր անձնական հիգիենան (լվացվել, սանհանգույցից օգտվել, լոգանք ընդունել), իսկ դուք միայն ուղղորդողի դերում եղեք:
  5. Ընդունեք նրան որպես հասուն անձնավորություն, հաշվի առեք նրա կարծիքը յուրաքանչյուր պարագայում, նշելով, որ այն շատ կարևոր է Ձեզ համար:
  6. Թույլ տվեք, որ նա ինքը ընտրի, թե ինչ հագնի, ինչով խաղա, ինչպես խաղա:
  7. Մի բռնացեք նրա կամքի վրա:
  8. Թույլ տվեք, որ նա լինի ձեր օգնականն ու խորհրդատուն:
  9. Թույլ տվեք, որ լինի ինքնուրույն իր որոշումների և ցանկությունների մեջ:
  10. Նշված բոլոր խորհուրդները իրականացրեք երեխային պահելով Ձեր ուշադրության կենտրոնում և անընդհատ հետևելով նրան:

Արևիկ Սահակյան

Posted on 2 Դեկտեմբերի, 2012, in Նյութեր. Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել մեկնաբանություն

Շողիկ Սահակյանի բլոգ

,, Մխիթար Սեբաստացի ,, կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարան Հասցե` Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Հեռ` +374 (10) 74 21 72 Էլ. փոստ` dproc-partez@mskh.am